Գլխավոր » Նյութեր » Հետաքրքիր նյութեր |
2012-04-03, 9:31 PM | |
Սուրբ Հարության տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զատիկ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով` վերադարձ առ աստված: Զատիկը թե' Հին և թե' Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկության պատմական զույգ իրողությունների հետ: Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծո խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը: Հին Ուխտի Զատիկը նախատիպն ու նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության: Երկրորդը Քրիստոսի հարությունն է: Աստծու Որդին` իբրև Գառն Աստծու, իր արյունը թափեց աշխարհի և մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը Հարություն առավ մեռելներից, որպեսզի սրբելով մեղքերից` մեզ արժանի դարձնի հավիտենական կյանքին: Ավանդության համաձայն` Մարիամ Մագդաղենացին մեկնում է Հռոմ` Ավետարանը քարոզելու: Նա ներկայացնում է Տիբերիոս կայսրին, վկայում իր քրիստոնեական հավատը և կայսրին է նվիրում կարմիր ներկած մի ձու` ոզջունելով. <<Քրիստոս Հարություն առավ մեռելներից>>: Զատիկի տոնին հավատացյաները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը` խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Սուրբ Գրիգոր Տաթացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. <<Միայն Զատիկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է աշխարհի, և ինչպես իմաստուններն են ասում,<<դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը`օդի, և սպիտակուցը` ջրի, դեղինն էլ երկիրն է:>>Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը>>: Կա ևս մեկ ավանդույթ,ըստ որի, <<Մանկունքի>>`առավոտյան ժամերգության վերջին շարականի ժամանակ, վառած մոմ են տալիս այն մարդկանց, ում անունն է Հարություն: | |
Դիտել են: 707 | Գնահատական: 5.0/4 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |